Կանանց միջազգային օր

Սիրելի՛ մայրիկ, իմ լա՛վ, իմ բարի՛, գորովագութ ու ներողամիտ, ամենանուրբ հոգի, կյանքիս լուսավոր ժպիտ, բազմազբաղ ու նրբանկատ էակ:
Ես քեզ պաշտո՜ւմ եմ…
Մայրերին հղված ջերմագին խոսքերով սկսվեց Տավուշի միջնակարգ դպրոցի  սաների ելույթը:
Դահլիճում հնչում է <<Աշխարհի մայրեր>> երգը ու մասնակիցները միայն տղաներն են:
Գարնանային ջերմությունն ու բազմերանգ ծաղիկներ Ձեզ՝ սիրելի մայրեր:
Աստված չէր կարող լինել ամեն տեղ, դրա համար էլ ստեղծեց մորը: Իսկ Արարչի գլուխգործոցը մոր սիրտն է միշտ բաց ու երբեք չծերացող:
Փառաբանենք մեր մայրերին, կանանց ու քույրերին:

Արկղեր սահմանապահ զինծառայողներին

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Տավուշի միջնակարգ դպրոցի <<Լույս մանկանց>> ծրագրի կազմակերպիչները, սաներն  ու ծնողները հունվարի 28-ին  բանակի օրվա կապակցությամբ քաղցրավենիքով լի արկղեր ուղարկեցին սահմանապահ զինծառայողներին:

Շնորհավոր տոնդ հա՛յ զինվոր: Անսպառ եռանդ, ուժ ու կորով ենք մաղթում Ձեզ՝ մեր հայրենի հողի ու սահմանների անպարտ պահապաններ: Թող ձեր բազկի ուժից սարսափի թշնամին և Տերը պահի ու պահապան լինի բոլորիդ:

         

Սուրբ Ծնունդ

Քրիստոս Ծնաւ և Յայտնեցավ
Ձեզի Մեզի Մեծ Աւետիս:
Սուրբ ծննդյան տոնին էր նվիրված Տավուշի միջնակարգ դպրոցում կայացած միջոցառումը, որի մասնակիցներն էին Տավուշի դպրոցի <<Լույս մանկանց>> ծրագրի և Նավուրի ու Բերդի կիրակնօրյա դպրոցների սաները: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:
Միջոցառման մեկնարկը Տավուշի դպրոցի աշակերտներինն էր, ովքեր հանգամանալից ներկայացրեցին տոնի իմաստն ու խորհուրդը: Հնչող շարականներն ու սուրբծննդյան բարեմաղթանքները խաղաղություն ու անդորր սփռեցին շուրջբոլորը: Իսկ երկնառաք սրտաբուխ աղոթքներն ու ցանկությունները Սուրբ ծննդյան տոներին իրականություն կդառնան:
Բացեք ձեր հոգիներն ու սրտերը և ընդունեք Հիսուսի ծննդյան ավետիսը:

               

Գեղեցիկը կփրկի աշխարհը

<<Գեղեցիկը կփրկի աշխարհը>>, հաճախ ենք լսում այս թևավոր խոսքը: Գեղեցիկը նաև գեղարվեստն է՝ նկարչությունը, երաժշտությունը, գրականությունը:
Օրերս ՀՕՖ-ի կողմից կազմակերպված կերպարվեստի մրցույթը <<Իմ պահապանը>> խորագիրն էր կրում:
Լավագույն մրցանակի արժանացավ Տավուշի միջնակարգ դպրոցի XII աշակերտուհի Նունե Եսայանի աշխատանքը, ով ՀՕՖ-ի ներկայացուցիչների կողմից առժանացավ պատվոգրի և խրախուսական մրցանակի:
Նունեն իր աշխատանքի մեջ միահյուսել էր իր վառ պատկերացումները, մտորումներն ու հույզերը:
Թող արվեստի հրաշագործ ուժը միշտ գոհունակություն պարգևի նրան:

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ

Հոկտեմբերի 5-ին խորին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է Ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է գնահատելու և բարեմաղթանքի խոսքեր ասելու մեր շատ սիրելի ուսուցիչներին: Այս առումով անմասն չմնաց նաև Տավուշի միջնակարգ դպրոցը: 5-րդ դասարանի 12 աշակերտներն էլ մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին <<Տոնդ շնորհավոր, սիրելի՛ ուսուցիչ>> խորագրով միջոցառմանը: Միջոցառման սկզբում նրանք իրենց ձեռքով պատրաստած բացիկները նվիրեցին բոլոր ուսուցիչներին: Դասղեկ Վ. Դարբինյանը բոլոր աշակերտներին ներգրավել էր միջոցառման մեջ հղկել ու մշակել նրանց խոսքը: Միջոցառման ընթացքում աշակերտների շուրթերից հնչեցին ասույթներ, բարեմաղթանքի խոսքեր հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև երգեցին երգեր:
Միանալով շնորհավորանքի բազում մաղթանքներին՝ ասում ենք.<<Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ: Դուք ձեր իմաստությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջություն, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Հավատարիմ լինելով վեհ առաքելությանը՝ բազում սերունդներ եք կրթում ու դաստիարակում : Ցանկանում ենք ձեզ առողջություն, համբերություն, անսպառ ուժ, եռանդ, աշխատանքային հաջողություններ, երկար տարիների կյանք: Մաղթում ենք, որ ձեր միտքը մինչև խոր ծերություն լինի պայծառ, իսկ աչքը՝ ամենատես:
Տավուշի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին ևս մեկ անգամ շնորհավորում ենք. Happy Teachers Day. We love you so much.

Ողջույն սեպտեմբերի 1, ողջույն գիտելիքի օր

Ողջույն սեպտեմբերի 1, ողջույն գիտելիքի օր: Տոնական տրամադրությունը համընդհանուր է, տոնական հագուստներն ու ծաղկեփնջերը՝ բազմերանգ: Տավուշի միջնակարգ դպրոցը երեքամսյա հանգստից հետո իր գիրկն առավ հարազատ դարձած սաներին: Բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ են հղվում մանկավարժներին, աշակերտներին, ծնողներին: Գովասանագրեր են ստանում ուսման առաջավորները: Հնչում է տոնական երգն ու պարը: Սրտերի թրթիռն ու անբացատրելի ուրախությունն է թևածում 1-ին դասարանցիների մանուկ հոգիներում: Թող խաղաղ երկնքի ներքո մեկնարկի նոր ուսումնական տարին, լի լինի նորանոր նվաճումներով ու ձեռքբերումներով: